Լիոնում մարտի 24-ից 26-ը կայացել է Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 11-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է Ինտերպոլի 143 անդամ երկրի շուրջ 270 ներկայացուցիչ, Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին և գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը և բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը: Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին, բացման խոսքում ողջունելով ներկաներին, մասնավորապես նշել է, որ ներկայումս ԱԿԲ-ների դերը առավել քան երբևէ կարևոր է ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

 

Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկն իր ելույթում ընդգծել է, որ կազմակերպությունը համաշխարհային հարթակ է ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների համար՝ տեղեկատվության փոխանակման նպատակով: «Մի շարք երկրների կողմից տեղեկատվության տրամադրման արդյունքում մեր աշխատանքը տվեց իր արդյունքները ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում և ԱԿԲ-ների դերը այս հարցում նույնպես շատ մեծ է»,- նշել է նա: Բելգիայի դաշնային ոստիկանության գլխավոր քարտուղար Կատրին դը Բոյն իր հերթին առանձնացրել է Ինտերպոլի դերը անդամ երկրներին քննությունների ընթացքում ցուցաբերած աջակցության հարցում:

 

Վեհաժողովում քննարկվել են քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների հետագա զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես, միջազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, ինչպես նաև կիբերհանցավորության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի կողմից անդամ երկրներին աջակցության տրամադրումը: Բացի այդ, քննարկման առարկա է դարձել անդրազգային ահաբեկիչության և կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի, զենք-զինամթերքի և տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների և ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարը:

 

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը վեհաժողովում ելույթ է ունեցել «Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզման վերաբերյալ քարտերի հրատարակման գործընթացը և այդ ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության բարելավման անհարժեշտությունը» թեմայով զեկույցով:

 

ՀՀ ոստիկանության պատվիրակը հանդիպումներ է ունեցել Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի և Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գործնական քննարկումներ են եղել մի շարք անդամ երկրների ներկայացուցիչների հետ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող և ոստիկանական համագործակցությանը վերաբերող գործնական հարցերի շուրջ: