Եմենում արաբական երկրների կոալիցիայի կողմից ընդդեմ հուսիթների գործողության մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 62 երեխա: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ), գրում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Երեխաները պաշտպանության սուր կարիք ունեն, հակամարտող բոլոր կողմերը պետք է անեն ուժերի ներածին չափով ամենը' ապահովելու երեխաների անվտանգությունը»,- նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ժյուլեն Հարնիսը:

 

Անցած շաբաթ միջազգային կոալիցիան Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի ու Սուդանի մասնակցությամբ սկսել է «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցների դեմ ռազմական գործողությունը: Նշվում է, որ հուսիթները վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան: