Եմենում մարտի 26-ից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է նվազագույնը 74 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցներն, այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի երեխաների ֆոնդի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուրան՝ ավելացնելով, որ ևս 44 երեխա վիրավորվել է:

 

Նա նաև նշել է, որ հրապարակված թվերն ամբողջական չեն և չի բացառվում, որ զոհված երեխաների թիվն ավելին է, քանի որ վերջին շաբաթվա ընթացքում հակամարտությունն ավելի է սրվել:

 

Շիա ապստամբներն ապրիլի 7-ին ամբողջությամբ հսկողություն են հաստատել Ադենի նավահանգստի և օդանավակայանի վրա: Չնայած արաբական դաշինքի ռմբակոծությանը, նրանց հաջողվել է ամրապնդել իրենց դիրքերը Ադենում: Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակիցների ձեռքում է գտնվում Շեյխ Օսման շրջանը:

 

Սաուդյան Արաբիայի գլխավորությած արաբական դաշինքի հարվածներն այսօր ուղղվել են Իբ քաղաքի ուղղությամբ: Հրթիռներից մեկն ընկել է Առ Ռաշիդի դպրոցի վրա, որի հետևանքով վեց աշակերտներ՝ զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են:

 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Եմենում երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել, ևս 1700-ը՝ վիրավորվել:

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: