Ադրբեջանում մանաթի նոր արժեզրկումն անխուսափելի է. համաձայն սպասումներին' ազգային արժույթը դոլարի նկատմամբ կէժանանա եւս մի քանի կետով, եթե նավթի գները մնան ներկայիս մակարդակի վրա: Մեկ դոլարը մոտ ժամանակում կարող է արժենալ մինչեւ 3-5 մանաթ' ներկայիս 1.0485-ի դիմաց (Ադրբեջանի ԿԲ):
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Օքթայ Հախվերդիեւը' մեկնաբանելով մանաթի լողացող փոխարժեքին անցնելու նախապատրաստության վերաբերյալ՝ Ադրբեջանի կենտրոնական բանկի վերանշանակված տնօրեն Էլման Ռուստամովի այսօր արած հայտարարությունը:
Ադրբեջանցի փորձագետի կարծիքով' մանաթի լողացող փոխարժեքին անցումը տեղի կունենա մոտ ժամանակում: «Դա կարող է լինել առաջիկա մայիսին կամ հունիսին», -ասել է նա:
Նախկին նախարարն ընդգծել է, որ, չնայած Ադրբեջանը դիմել է մանաթի արժեզրկման քայլին եւ ազգային արժույթի փոխարժեքն աշխատում է պահել արտարժույթի ինտերվենցիաներով, սակայն, դա չի կարող երկար շարունակվել:
«Այժմ, երբ նավթի գների անկման եւ գլոբալ տնտեսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանի համար կարեւոր է պահպանել արտարժույթի պահուստը, իմաստ չունի նման միջոցներ ծախսել մանաթի փոխարժեքը պահպանելու վրա», - նշել է նա:
Ադրբեջանի ԿԲ նախագահ Է.Ռուստամովն այդ երկրի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է, որ պատրաստվում են չվերահսկել մանաթի փոխարժեքը, ինչը խուճապ է առաջացրել հասարակության մեջ:
«Մենք պատրաստվում ենք մանաթի լողացող փոխարժեք սահմանել: Եթե մենք այժմ դրան չդիմենք, դոլարը կարող է թանկանալ եւս 20-30 տոկոսով, ինչը մեծ լարվածություն կառաջացնի տնտեսության մեջ», - ասել է նա:
Միայն վերջին դեկտեմբերին եւ հունվարին մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի ԿԲ-ն մոտ 5 մլրդ դոլար է ծախսել: Է.Ռուստամովն ավելի վաղ հայտնել էր, որ մանաթի փոխարժեքը պահպանելու համար ստիպված են ամսական 500 մլն դոլար դուրս հանել ներքին շուկա: