Գտնվել է անցած շաբաթ ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը:

 

Առաջին «սեւ արկղը», որը բովանդակում էր օդաչուների խցիկում խոսակցությունների ձայնագրությունները, գտնվել էր աղետից քիչ հետո:

 

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:

 

Բացի այդ, Գերմանիայում քննիչները հայտարարել են, թե տվյալներ են ստացվել այն մասին, որ Լուբիցը հետաքրքրվում էր ինքնասպանության մեթոդներով, ինչպես նաեւ ուսումնասիրում էր օդաչուների խցիկը փակող դռան կառուցվածքը: Քննիչները Լուբիցի բնակարանում գտել են նրա անձնական պլանշետային համակարգիչը եւ ուսումնասիրել Համացանցում նրա որոնումների պատմությունը աղետին նախորդած շաբաթվա ընթացքում:

 

Երկրորդ ինքնագրիչը գրանցում է օդանավի տեխնիկական համակարգերի վիճակի պարամետերերը: Այդ տվյալները չափազանց կարեւոր են համարվում ինքնաթիռում տեղի ունեցածի ամբողջական պատկերը վերստեղծելու համար, քանի որ դրանք ամբողջական տեղեկատվություն են պարունակում ռադիոխոսակցությունների ժամանակի, օդանավի շարժման արագության, բարձրության եւ ուղղության վերաբերյալ: