«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է գրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ նամակն ստացվել է Կառավարությունում։ Միաժամանակ, նամակի բովանդակության և Կառավարությունում այն ստանալու ժամկետների վերաբերյալ պաշտոնական աղբյուրը տեղեկություն չհայտնեց։ Ուշագրավ է, որ Հունանյանի նամակի մասին տեղեկությունը հրապարակվեց անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՌԴ-ն հնարավոր է ապրիլից թանկացնի գազի գինը:
Ինչ խոսք, սա կարելի է դիտարկել, իբրև, մեսիջ ռուսական կողմին, հատկապես Անդրանիկ Քոչարյանի ակտիվացման ֆոնին, ով արդեն քանի ամիս է ակնարկում է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործում արտաքին հետքի մասին: «Հոկտեմբերի 27»-ի գործը ի դեպ, կարծես թե, ցանկանում են վերաբացել, սակայն այստեղ առավելապես կարևոր է այն, թե ինչ նպատակով են իշխանությունները գնում «Պանդոռայի արկղը» բացելու քայլին: Բանն այն է, որ մոտակա ամիսներին ՄԻԵԴ-ը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռը, որը, ինչպես սպասվում է, չի բխելու ներկայիս իշխանությունների շահերից: Հետևաբար, պետք է շտապել և վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ թատերաբեմ բերել Նաիրի Հունանյանին: Եթե Հունանյանի նամակը չլիներ իշխանությունների սցենարի մի մասը, ապա Հունանյանը նամակ գրելու հնարավորություն դժվար թե ստանար, իսկ այդ նամակը գրելու հանգամանքի հանրայնացումը՝ էլ ավելի քիչ հավանական կլիներ:
Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ և Քոչարյանը ազատության մեջ՝ կարող է լուրջ գործոն հանդիսանալ՝ խախտելով Փաշինյանի պլանները: Բացի այդ, Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի է ունենում ընդդիմադիրների միավորման որոշակի գործընթաց և այստեղ ևս երկրորդ նախագահը կարող է ունենալ լուրջ ազդեցություն: Հետևաբար, Հունանյանի նամակը Փաշինյանին բնավ էլ պատահական չէր, այլ նպատակ է հետապնդում «Մարտի 1»-ի գործի տապալումից հետո Քոչարյանի վրա բարդել նաև «Հոկտեմբերի 27» -ը, միևնույն ժամանակ, սա բացահայտ մեսիջ է նաև ՌԴ-ին, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում սառույցը չի հալչում , իսկ ռուսական կողմը չի հրաժարվում Փաշինյանի կաբինետի վրա բանեցվող լատենտ ճնշումներից…