Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ Արազ Օզբիլիսին և Յուրա Մովսիսյանին:

Մարզիչը, մասնավորապես, նշել է.

«Մարզումներից առաջ թիմն Արազին ջերմորեն ողջունեց: Ուրախ ենք, որ նա կրկին մարզվում է թիմի հետ, բայց նա դեռ մասամբ է մարզվում ընդհանուր թիմի հետ: Նման ծանր վնասվածքից հետո ծանրաբեռնվածությունը պետք է աստիճանաբար ավելացնել: Նա պետք է կրկին վստահություն ձեռք բերի իր ուժերի նկատմամբ»:

Անդրադառնալով ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանին՝ Յակինը պատասխանել է հետևյալ հարցին.

«Որքանո՞վ է Ձեր կարծիքի վրա ազդում այն փաստը, որ Ձեր սաները ելույթ են ունենում հավաքականներում: Օրինակ՝ Մովսիսյանը գոլ է հեղինակել Հայաստանի հավաքականում: Արդյոք սա կազդի՞ «Կուբանի» հետ խաղում մեկնարկային կազմում նրա հայտնվելու վրա»:

«Անխոս, մենք հաշվի ենք առնում այդ փաստը: Սակայն մի մոռացեք, որ թիմում շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են մրցակցություն ապահովել: Որոշ որոշումներ էլ կայացնում ենք լեգիոներների լիմիտով պայմանավորված»,- Յակինի խոսքը մեջբերում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: