Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանի հետ քննարկեց մարզի դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Կրթական որակ եւ բարելավում» ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հասմիկ Ղազարյանը ներկայացրեց ծրագրի ներդրման ժամկետները, բաղադրիչները, ֆինանսավորման աղբյուրները, նպատակները եւ սպասվող արդյունքները:

 

 

«Ընդգրկվածության առումով սա շատ արդյունավետ ծրագիր է, որի նպատակն է՝ համայնքներում ապահովել անհրաժեշտ եւ բավարար պայմաններ նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության տոկոսը բարձրացնելու եւ դաստիարակությունը որակյալ մակարդակով կազմակերպելու համար: Այն նախատեսում է համապատասխան շենքային պայմանների ապահովման եւ մասնագետ-կադրերի վերապատրաստման բաղադրիչներ»,- նշեց Հասմիկ Ղազարյանը: Նախակրթարաններ հիմնելու ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության 75 տոկոս ներդրմամբ եւ համայնքների 25 տոկոս հա մաֆինանսավորմամբ:

 

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առաջիկայում մրցութային կարգով նախակրթարաններ բացելու նախապատվությունը տալ այն համայնքներին, որտեղ ավելի շատ է նախադպրոցական տարիքի երեխաների թիվը: Հաշվի է առնվելու համայնքի կողմից տրամադրվող համաֆինանսավորման առկայությունը:

 

 

Գեղարքունիքի մարզում նախատեսվում է այս տարի նախակրթարաններ բացել մեկ տասնյակից ավելի համայնքներում: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկությամբ՝ ծրագրի պատասխանատուները կքննարկեն նաեւ Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում սփյոռքահայ բարերարների նվիրատվությամբ վերանորոգված, սակայն առայժմ չգործող մանկապարտեզի տարածքում նախակրթարան հիմնելու հարցը:

 

 

Հանդիպման ավարտին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կարեւորեց ծրագրի իրականացումը, որով նախադպրոցական կրթության որակը եւ ծավալները բարձրանում են նոր աստիճանի. «Շատ համայնքներ, որոնց ենթակայությամբ մանկապարտեզներ են գործում, գնալով դժվարությամբ են միջոցներ հայթայթում՝ դրանց գործունեությունը ապահովելու համար: Շատ համայնքներում էլ մանկապարտեզներ չեն գործում, եւ նախադպրոցական տարիքի երեխաներին կրթության մեջ ներգրավելը դարձել է հրատապ խնդիր: Այս ծրագրի իրականացմամբ, կարծում եմ, ստեղծվող նախակրթարանները շատ ավելի հուսալի ճանապարհ կnւնենան, քանի որ նրանց գործունեությունը կապահովվի պետբյուջեի միջոցների հաշվին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

 

 

Խոսրով Խլղաթյան