Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100- մետրանոց հայոց եռագույնը ապրիլի 3-ին ծածանվեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում' Բունդեսթագի (Ազգային ժողովի) շենքի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախաձեռնության կազմակերիչ «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամից, շենքի մոտ հիմնադրամի նախագահ, Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին են միացել գերմանիայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները, որից հետո Շպրե գետի ափին մեկնարկել է ֆլեշմոբ-ակցիա: Գերմանաբնակ հայերը Բունդեսթագի դիմաց ծածանել են Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի խորհուրդը կրող 100 մետր երկարությամբ Եռագույնը, և 100 վայրկյան լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև ակցիայի մասնակիցները եռագույններ են ծածանել այնտեղ, ուր 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից, «Նեմեսիս» գործողության շրջանակներում, գնդակահարվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:
Ապրիլի 2-ին' հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում նույնպես տեղի էր ունեցել ֆլեշմոբ-ակցիա: Ակցիաների նպատակն է սփյուռքի հայ համայնքներին համախմբել և Ցեղասպանությունը չճանչած երկրներում հայերի ձայնը լսելի դարձնելու միջոցով ճանաչում և դատապարտում պահանջել:
«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի պատրաստած 100 մետրանոց Եռագույնը Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում և սփյուռքում ծածանվելուց հետո' ապրիլին կգանեցվի Արարատի գագաթին: