Ամերիկյան The Plainville Citizen էլեկտրոնային շաբաթաթերթը հոդված է հրապարկել Հայոց ցեղասպանության մասին' ներկայացնելով, թե ինչպես է 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը ազդել հասարակ մարդկանց վրա:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ամերիկյան շաբաթաթերթը զրուցել է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Նոր Բրիտանիա քաղաքի բնակիչ Հարի Թերջանյանի հետ, ում ընտանքիը փրկվել է Հայոց ցեղասպանությունից և ԱՄՆ գաղթել 1975 թվականին: «Դա ողբերգական պատմություն է, որի մասին շատերը չգիտեն, թեև հայկական մեծ համայնքը և Կոնեկտիկուտի հայկական չորս եկեղեցիները դրա մասին ուսուցանում են իրենց դպրոցական ուսումնական ծրագրերում: 1915-1923 թվականներին թուրքական կառավարությունը որոշեց բնաջնջել հայերին: Հայաստանի մի մասը կոմունիստական Ռուսաստանի տիրապետության տակ էր գտնվում, մյուս կեսը' Օսմանյան կայսրության: Թուրքերը կորցնում էին իրենց գրավյալ տարածքները և ցեղասպանության միջոցով փորձեցին ոչնչացնել հայերին:

 

Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, իսկ Հոլոքոստը ծրագրվել է Հայոց ցեղասպանության հիման վրա: 1.5 մլն հայ է սպանվել ութ տարվա ընթացքում: Ցեղասպանությունը հովանավորում էր թուրքական կառավարությունը: Թուրքական բանակը կոտորել է կանանց, երեխաներին, ծերերին և անզեն քաղաքացիներին: Հայերին խեղդել են, քշե լ սիրիական անապատներըˋ թողնելով առանց ջրի ու հացի: Նրանց ունեցվածքը բռնագրավվել է և զրկել իրավունքներից: Կառավարությունը հայկական քաղաքները և գյուղերը վերանվանել է թուրքական անուններով»,- պատմել է Թերջանյանը:

 

Դիտարկմանը, թե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, նա պատասխանել է. «Քիչ հանցագործներ են ցանկանում ընդունել իրենց կատարածը, հարկ է լինում նրանց արդարադատության առաջ կանգնեցնել: Հայոց ցեղասպանության իրողությունն ապացուցող անհամար ապացույցներ կան: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն ականատես է եղել այդ ամենին և գիրք գրել ցեղասպանության մասին: Նրա օգնությամբ գումարներ են փոխանցվել օգնության համար: Դա ԱՄՆ-ի ցուցաբերած առաջին մեծ ծավալի օգնությունն էր»:

 

Հարի Թերջանյանը ծնվել է Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Հայաստանում: Նրա խոսքով' իրենք ապրել ենˋ կրելով ցեղասպանության հետևանքները: «Մենք փոքրամասնություն էինքˋ սահմանափակ իրավունքներով: Իրավունք չունեինք կրել մեր քրիստոնեական անունները: Հայկական ազգանուններն ավարտվում են «յան» վերջավորությամբ, և մեզ թույլ չէին տալիս դա նույնպես ունենալ: Ես ծնվել եմ 1968 թվականին, բայց այդ անարդար պայմանները ցեղասպանությունից ի վեր չէին փոխվել: Մենք կարողացանք վերապրել ցեղասպանությունը, սակայն մեզ շարունակում էին վերաբերվել որպես դավաճանների, կարծես ցանկանում էին ավարտին հասցնել սկսած գործը: Կառավարությունն ու ժողովուրդը տեղական, թե պետական մակարդակով մեզ ստիպում էին նվաստացած զգալ:

 

Տուն փնտրելու ակնկալիքով մենք 20 երկրում եղանք և բախտի բերմամբ այն գտանք ԱՄՆ-ում: Շնորհակալ ենք այս երկրին, որը կարող ենք հայրենիք անվանել: Ես այստեղ եկա ծնողներիս, քրոջս և տատիկիս հետ: Բոլորն այստեղ են ապրում, բացի տատիկիցս: Ես ցանկացա արդարության հասնել հանուն նրա, բայց նա չապրեց այն տեսնելու համար: Չնայած ցեղասպանություն իրականացրած երեք առաջնորդները մեղավոր են ճան աչվել միջազգային դատարանով, նրանք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին իրենց արածների համար»,- պատմել է The Plainville Citizen էլեկտրոնային շաբաթաթերթի ամերիկահայ զրուցակիցը: