ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդի անդամներ Ադրին Նազարյանի, Խաչո Աչաջյանի և Սքոթ Ուիլքի ստեղծած Հայկական օրենսդրական խումբը կառաջնորդի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օրենսդրական խումբը համատեղ բանաձև (AJR 2) է ներկայացրել նահանգային խորհուրդ, որով 2015 թվականի Կալիֆորնիայում առաջարկվում է հռչակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարի: Փաստաթուղթը նաև կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Կոնգրեսը և Նախագահ Օբաման պետք է պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և երկխոսության մեջ մտնեն Թուրքիայի Հանրապետության հետ, որպեսզի այն վերջնականապես հաշտվի սեփական անցյալի հետ»,- ասել է Ադրին Նազարյանը:
Մեկ միլիոնից ավելի հայկական համայնք ունեցող Կալոֆորնիա նահանգում նախատեսվում են Մեծ եղեռնի 100-ին տարելիցին նվիրված լայնածավալ արարողություններ: Ապրիլի 20-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա նահնագի Կոնգրեսի մոտ: Մարտի 31-ից օգոստոսի 2-ը Նահանգի թանգարանում ընթացող Հայոց ցեղասպանությանը, հայ ներգաղթյալների և Կալիֆորնիայի հայկական համայնքի պատմությանը նվիրված հատուկ ցուցահանդեսին կներակայացվեն ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի աշխատանքների մի քանի բնօրինակներ և Մեծ եղեռնի որբերի գործած գորգերը:
Հայերի 1915 թվականի կոտորածների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով' Հայկական օրենսդրական խումբը հայտարարել է շարադրությունների թեմատիկ մրցույթ' ավագ դպրոցի աշակերտների համար: Մրցույթի առաջին երեք տեղերն զբաղեցրած աշակերտները կստանան, համապատասխանաբար, 1000, 500 և 250 դոլարի կրթաթոշակ, իսկ նրանց աշխատանքները կցուցադրվեն Կալիֆորնիայի նահանգայի թանգարանի «Հայկական ճանապարհորդություն» ցուցահանդեսի ժամանակ: Աշխատանքներ են տարվել նաև թանգարանի կատալոգում Հայոց ցեղասպանության մասին գրքեր ընդգրկելու ուղղությամբ:
Եվ վերջապես, Հայկական օրենսդրական խումբը միջնորդություն է ներկայացրել Կալիֆորնիա նահնագի խորհուրդ, որը կոչ է անում արգելել թուրքական պարտատոմսերով կատարվող կենսաթոշակային ներդրումները նահանգում: