Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները Թբիլիսիի վարձու բնակարաններից մեկում հայտնաբերել են Նիգերիայի չորս քաղաքացիների մարմիններ, որոնք, ինչպես ենթադրվում է, մահացել են գազի արտահոսքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիները Թբիլիսիի համալսարանի ուսանողներ էին եւ ապրում էին վարձու բնակարանում: Նրանց ընդհանուր ընկերը դիմել է ոստիկանությանը՝ խնդրելով օգնել այն բանից հետո, երբ Նիգերիայի քաղաքացիները երկու օր կապի մեջ չեն մտել:
Ենթադրվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել ջրի գազաջեռուցիչի սխալ տեղակայման պատճառով:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Վրաստանի ՆԳՆ նախարարությունն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի արել: