Ռուսաստանի եւ Հունաստանի վարչապետներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ալեքսիս Ցիպրասը ապրիլի 9-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններում քննարկելու են առեւտրատնտեսական համագործակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Դմիտրի Մեդվեդեւը եւ Ալեքսիս Ցիպրասը կքննարկեն առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտներ»,- նշել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունում:
Նախօրյակին կայացել են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ցիպրասի բանակցությունները: ԱՄփոփելով դրանց արդյունքները՝ ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ Հունաստանի հետ համագործակցության զարգացման հարցում շահագրգռված են ոչ միայն Աթենքն ու Մոսկվան, այլեւ վարկատու բոլոր երկրները, այդ թվում՝ եվրոպական բոլոր երկրները:
Նախագահը նշել է, որ ռուսական կողմը հետաքրքրված է Հունաստանում ներդրումներով: «Նախ եւ առաջ, ենթակառուցվածքային օբյեկտների ոլորտում. խոսքը վերաբերում է նավահանգիստներին, օդանավակայաններին, խողովակաշարային համակարգերին»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետեւ էլ աշխատել էներգետիկայի եւ արդյունաբերության բնագավառում:
Բանակցություններում արծարծվել են նաեւ պատժամիջոցների հարուցած բարդությունները: «Այդ խնդիրները լուծելու լավագույն եղանակը ընդհանրապես ամեն տեսակ պատժամիջոցների պատերազմը եւ մեր կողմից համապատասխան պատասխան միջոցները դադարեցնելն է»,- ասել է Պուտինը:
Ցիպրասը խոսոտվանել է, որ «Հունաստանի տնտեսությունը մեծ վնաս է կրել Արեւմուտքի պատժամիջոցներին ՌԴ-ի պատասխան միջոցների հետեւանքով»: Վարչապետը հայտարարել է, որ պատժամիջոցները «չեն կարող տնտեսական պատերազմի լուծում լինել»: «Դրանք «սառը պատերազմի» կհանգեցնեն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ»,- նշել է Ցիպրասը:
Բանակցությունների առանձին թեմա է դարձել համագործակցությունն էներգետիկայում: Պուտինը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի տարածքով դեպի Բալկաններ ռուսական գազի փոխադրման նախագծին Հունաստանի մասնակցությունը թույլ կտա էական օգուտներ ստանալ:
Երկկողմ խնդիրներից զատ, Պուտինը եւ Ցիպրասը քննարկել են նաեւ միջազգային հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի եւ Կիպրոսի իրադրության կարգավորումը:
Հունաստանի վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, որ այսօր անկարելի է համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետությունը պատկերացնել առանց Ռուսաստանի:
Բանակցությունների արդյունքում ստորագրվել են 2015-2016 թվականների գործողությունների համատեղ պլան, Հաղթանակի օրվա 70-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն եւ հուշագիր՝ 2016 թվականին Հունաստանում Ռուսաստանի տարվա եւ Ռուսաստանում Հունաստանի տարվա անցկացման մասին: