Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են միջոցառումների միջպետական պլան, որը նախատեսում է առևտրատնտեսական համագործակցության զարգացման լրացուցիչ պայմանների ստեղծում: Այս մասին հայտնել է vz.ru-ն:
Փաստաթուղթը ստորագրել են 2 երկրի կառավարությունների ղեկավարները՝ Դմիտրի Մեդվեդևը և Անդրեյ Կոբյակովը:
Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խոսքը վերաբերում է համատեղ հակաճգնաժամային ծրագրին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում «համաշխարհային ոչ բարենպաստ պայմանների ազդեցության, նավթի գնի անկման, արժույթների փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով» նկատվում է համատեղ առևտրի ծավալների կրճատում:
2014-ին երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է գրեթե 5%-ով՝ ի տարբերություն նախորդ տարվա, և կազմել է 37 մլրդ դոլար: Միջոցառումների պլանի մանրամասները, որոնք ՌԴ ղեկավարն անվանել է հակաճգնաժամային համատեղ պլան, չեն հաղորդվում:
Բացի այդ, Մոսկվան և Մինսկը ստորագրել են մի շարք միջկառավարական համաձայնագրեր: