ՅՈՒՆԻՍԵՖ-ն ապրիլի 14-ին երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Եմեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մարդասիրական օգնությամբ օդանավը Կոպենհագենից ուղևորվել է մայրաքաղաք Սանա: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Բուեյրան՝ տեղեկացնելով, որ օդանավը տեղափոխում է 76 տո ննա բեռ, որի մեծ մասը դեղամիջոցներ են:

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական առաջին օդանավն ուղարկել էր ապրիլի 10-ին՝ տեղափոխելով 16 տոննա բեռ:

Եմենում Սաուդյան Արաբիան շարունակում է ռմբակոծել երկրի տարբեր շրջանները: Այսօր առավել շատ ռմբակոծվել է Օմրան նահանգը:

 

 

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենում մարտի 26-ից «Վճռականության փոթորիկ» գործողությունների մեկնարկից ի վեր երկրի ներսում գաղթական է դարձել 120 հազար մարդ, ընդ որում գրեթե 60 հազար գաղթականները Հաջջա նահանգից են:

 

 

«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Արաբական դաշինքի ուժերի ղեկավար Ահմադ Ասիրին հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի իշխանության վերականգնումը: