ԱՊՀ-ի երկրների խորհրդարանների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կվառեն համագործակցության միասնական կրակն ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Խորհրդանշական ակցիան կազմակերպվել է ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակներում, որը բացվում է Տավրիկյան պալատում: Այն կավարտի «Հիշատակի էստաֆետը», որը մարտից ընթանում էր ԱՊՀ-ի երկրների մայրաքաղաքներով:

 

«Համագործակցության մայրաքաղաքներում Միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելում էր պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշահամալիրներ եւ հատուկ պատիճներում այնտեղից տանում էր Հավերժական կրակի մասնիկները, ազգային խորհրդարանների ղեկավարության հետ համատեղ հանդիպում էր վետերանների ու երիտասարդության հետ, որոնք ապրում են ԱՊՀ-ի պետություններում»,- հաղորդել են ԱՊՀ-ի ՄԽՎ-ի մամուլի ծառայությունում:

 

Հաղթանակի 70-ամյակի թեման ներառված է նաեւ ԱՊՀ-ի ՄԽՎ-ի 42-րդ լիագումար նիստի օրակարգում: «Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մշակվել եւ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին են ներկայացվել երկու մոդելային օրենք Հայրենիքը պաշտպանելիս զոհվածների հիշատակը հավերժացնելու եւ հայրենասիրական դաստիարակության մասին»,- նշել են մամուլի ծառայությունում:

 

Նիստում քննարկվելու են նաեւ «Կամավորության մասին», «Տուրիստական գործունեության մասին» մոդելային օրենքները, տեխնոլոգիական ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ԱՊՀ-ի մասնակից պետությունների օրենսդրության կատարելագործման հանձնարարականները, «առողջության պահպանման ոլորտում ԱՊՀ-ի մասնակից պետությունների օրենսդրության մերձեցման մասին» հանձնարարականները, ինչպես նաեւ «Սահմանների անվտանգության մասին» մոդելային օրենքի մեկնաբանությունները: