Ոչ պաշտոնապես, բայց 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած սպանությունները անվանելու շուրջ արդեն ձևավորվում է կոնսենսուս:

 

Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարեկցանք է հայտնել հայերին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցի առիթով: Հանձնաժողովն ընդունել է Ռոբին Բյոհնիչի (Սոցիալ-դեմոկրատ) առաջարկած բանաձևը, որը տեղի ունեցած դեպքերը շարունակաբար անվանում է ցեղասպանություն:

 

Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան վճռականորեն հերքում է, որ հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել:

 

Հանձնաժողովն իր բանաձևում ընդգծում է այդ տարիներին տեղի ունեցող դեպքերի նկատմամբ միջազգային հանրության ոչ բավարար արձագանքը, երբ ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունները հասել էին «նախկինում չտեսնված չափերի»:

 

Հանձնաժողովը նաև դատապարտել է բոլոր ցեղասպանական գործողությունների ժխտման ու դրանց ծանրության նվազեցման փորձերը, և կոչ է արել արդյունավետ քայլեր ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները կանխելու ուղղությամբ:

 

1915-1917 թվականներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 23 պետություն, այդ թվում Գերմանիան և Ֆրանսիան, որոնք, ինչպես և Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ են: 

 

Պատմության արյունոտ այս էջն առ այսօր բաժանում է Երևանին և Անկարային:

 

Չեխիայի Հանրապետությունը չի ճանաչել հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն: Թարմ բանաձևը միայն արտահայտում է հանձնաժողովի տեսակետը: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Կարել Շվարցենբերգը:

 

Բոնիչի խոսքով՝ բանաձևը կշռադատված է: Անհրաժեշտ է հավասարակշություն պահպանել պատմական իրադարձությունների և թուրքական հայացքների միջև: Բացի 1.5 միլիոն հայերի սպանությունից, Օսմանյան կայսրությունը վերաբնակեցրել է  մնացած կես միլիոն հայերին՝ նրանց ուղարկելով Միջագետքի անմարդաբնակ տարածքներ: Մոտ 100 հազար հայ հեռացել է Ռուսաստան:

 

Թուրքիան խոսում է առավելագույնը կես միլիոն զոհերի մասին: Անկարան պնդում է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չէր, ընդամենը բռնարարք էր, որն ուղղված էր նաև հայերի դեմ, որոնք Առաջին աշխարհամարտի ժամանակ թշնամու՝ Ռուսաստանի դաշնակիցներն էին:

 

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ հայերի սպանություններն անվանել է ցեղասպանություն: Նա հայտնել է իր անձնական կարծիքը:

 

Նույն կարծիքն է հայտնել Շվարցենբերգը` Չեխիայի արտաքին գործերի նախկին նախարարը և Զեմանի մրցակիցը 2013 թվականի նախագահի ընտրություններում: Նա ասել է, որ մեկ դար առաջ հայերի զանգվածային կոտորածն ընդհանրապես պատմության մեջ առաջին իրական ցեղասպանությունն էր: