ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը «Հայ-թուրքական հարաբերություններն ու մարդու իրավունքները» խորագրով զեկույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ակնկալել, որ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ կփոխվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մուժնիեկսը շեշտել է, որ փոփոխություն ասելով՝ նկատի ուն ի ինչպես պաշտոնական դիրքորոշումն, այնպես էլ համակարգային:

 

«Թուրքիան կարող է ապացուցել, որ պայքարում է իր անցյալի դեմ, եթե իր քաղաքական դիրքորոշման մեջ տեղի ունենա փոփոխություն: Ես նկատի ունեմ փոփոխություն ոչ միայն Թուրքիայի առաջնորդների քաղաքական հայտարարություններում, այլև համակարգային փոփոխությունը, որը կարող է արտացոլվել, օրինակ, պատմության դասագրքերում, պետության կողմից ֆինանսավորվող ցուցադրությունների և այլ մշակութային միջոցառումների անցկացումով»,- հայտարարել է նա:

 

 

Զեկույցի ավարտին Մուժնիեկսը շեշտել է, որ Հայաստան այցելության ժամանակ երկու անգամ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

 

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և նրանց սերունդներին: Իմ զորակցությունն եմ հայտնում նաև քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, գիտանականներին, նկարիչներին՝ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի, ովքեր փորձում են ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ»,- ասել է նա: