ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը «Հայ-թուրքական հարաբերություններն ու մարդու իրավունքները» խորագրով զեկույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ ակնկալել, որ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ կփոխվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մուժնիեկսը շեշտել է, որ փոփոխություն ասելով՝ նկատի ուն ի ինչպես պաշտոնական դիրքորոշումն, այնպես էլ համակարգային: «Թուրքիան կարող է ապացուցել, որ պայքարում է իր անցյալի դեմ, եթե իր քաղաքական դիրքորոշման մեջ տեղի ունենա փոփոխություն: Ես նկատի ունեմ փոփոխություն ոչ միայն Թուրքիայի առաջնորդների քաղաքական հայտարարություններում, այլեւ համակարգային փոփոխությունը, որը կարող է արտացոլվել, օրինակ, պատմության դասագրքերում, պետության կողմից ֆինանսավորվող ցուցադրությունների եւ այլ մշակութային միջոցառումների անցկացումով»,- հայտարարել է նա:

 

Զեկույցի ավարտին Մուժնիեկսը շեշտել է, որ Հայաստան այցելության ժամանակ երկու անգամ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ նրանց սերունդներին: Իմ զորակցությունն եմ հայտնում նաեւ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, գիտանականներին, նկարիչներին՝ թե՜ Հայաստանի, թե՜ Թուրքիայի, ովքեր փորձում են ստեղծել փոխըմբռնման մթնոլորտ»,- ասել է նա: