«Սիմոն Վրացյան» կենտրոնում ապրիլի 17-ին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազ որ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Գերագույն մարմնի մամլո դիվանից, ողջունելով դեսպանին՝ Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ կարևորում է Հայաստան-ԱՄՆ համակողմանի գործակցության խորացումը, և հույս հայտնել, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանը իր դրական նպաստը կբերի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը:

 

Վարդանյանը ներկայացրել է ՀՅԴ-ի քաղաքական օրակարգը, կուսակցության մոտեցումները երկրի ներքաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ:

 

Դեսպանի խնդրանքով ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների, տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ հարեւան երկրների հետ ներկա եւ հնարավոր հարաբերությունների շուրջ ՀՅԴ պատկերացումներին եւ մոտեցումներին:

 

ՀՅԴ ներկայացուցիչները կարևորել են ԼՂՀ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ձեւաչափը՝ գնահատելով նաեւ այդ ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը: ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են սիրիական հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված հալեպահայ համայնքի եւ, առհասարակ, Սիրիայի քրիստոնյա ազգաբնակչության անվտանգության խնդիրներին՝ ակնկալելով ԱՄՆ կառավարության աջակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման եւ քրիստոնյա ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման մեխանիզմների ուղղությամբ:

 

Ամփոփելով հանդիպումը՝ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Միլսը հույս է հայտնել, որ երկխոսությունը շարունակելի կլինի եւ այն կնպաստի երկու երկրների ընդհանուր շահերին: