Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ թուրքական կողմում հարցի նկատմամբ զգայունությունն ավելի է մեծանում, իսկ նյարդերը սկսում են տեղի տալ: Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը դառնում են ավելի ուժգին և ահագնալի, իսկ թուրքական կողմի արձագանքը՝ շատ ավելի անհավասարակշիռ և շփոթված: Անցնող շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերը վկայությունն են այն բանի, որ թեպետ պատմական իրողությունները ժխտելու պաշտոնական Անկարայի փորձերը մատնվել են անհաջողության, սակայն «ջայլամային քաղաքականություն» վարող թուրքական կողմը հրաժարվում է ընդունել իր շուրջը կատարվող դեպքերը՝ նախընտրելով ապրել մտացածին իրականության մեջ: «Արմենպրես»-ը հետևել է հայկական հարցի նկատմամբ անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին և թուրքական կողմից դրանց հնչեցված արձագանքներին

 

Շաբաթվա սկիզբը հագեցած էր Վատիկանում Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի ելույթից հետո թուրքական կողմից հնչեցված մեկնաբանություններով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որն առաջինն էր, որ արձագանքեց կատարվածին, մեղադրեց Հռոմի պապին կողմանպահության և խտրականության մեջ: Նմանօրինակ հայտարարություններով հանդես եկան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Կրոնական գործերի նախարարը և այլ բարձրաստիճան պաշ տոնյաները:

 

Նախագահ Էրդողանը հերթական անգամ սպառնաց արտաքսել երկրից այնտեղ ապօրինի բնակվող և աշխատող հայաստանցիներին:

 

Ի տարբերություն իշխող և հիմնական ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշման՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշն իր աջակցությունը հայտնեց Հռոմի պապի հայտարարության առնչությամբ: «Սա պաշտոնապես չբացահայտված թեմա է: Ասելով, որ Հռոմի պապին չենք ընդունում, այս խնդիրը չի կարող լուծվել»,- նշեց է նա:

 

Վատիկանից Հայոց ցեղասպանության մասին հնչեցված հայտարարությունից հետո թուրք կիբեր-հանցագործները կոտրեցին Վատիկանի պաշտոնական կայքը՝ պահանջելով Հռոմի պապից հրաժարվել իր խոսքերից:

 

Հռոմի պապի անվան շուրջ ստեղծված անցուդարձի ամենազավեշտալի միջադեպը գրանցվեց Իզմիրում, որտեղի բնակիչներից մեկը «զրպարտության» մեղադրանքով որոշեց դատական գործ հարուցել Ֆրանցիսկոս պապի դեմ:

 

Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում հնչեցված հայտարարության առնչությամբ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ տավորական Էթյեն Մահչուփյանի հայտարարությունը նրա համար դարձավ ճակատագրական: Նա լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնեց, որ «1915 թվականին հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն չանվանելն անհնար է»: Հայտարարության հրապարակման հաջորդ օրն իսկ հայտնի դարձավ, որ Մահչուփյանն այլևս չի զբաղեցնում վար չապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Թեպետ որպես հեռացման պատճառ ներկայացվում էր պոլսահայ մտավորականի տարիքը, այդուհանդերձ շատերի համար ակնհայտ էր, որ խնդիրը Հայոց ցեղասպանության մասին նրա հայտարարությունն էր և պաշտոնական Անկարայի որդեգրած ժխտողականության քաղաքականության գծին չհարմարվելը:

 

Հայոց ցեղասպանության և հայկական հարցի շուրջ թուրքական իրարանցումն այսպիսով չավարտվեց: Շաբաթվա կեսերին Թուրքիային սպասվում էր հերթականյ հարվածը. Եվրոպայի խորհրդարանն ընդունեց բանաձը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որտեղ կոչ էր արվում Թուրքիային ևս ընդունել և ճանաչել կատարվածը: Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումից անմիջապես հետո իր կայքում տեղադրեց խիստ և քննադատական մի հայտարարություն, որում մեղադրեց Եվրախորհրդարանին «1915 թվականի հարցում պատմությունը վերաշարադրելու մտադրություն ունենալու» համար: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ լուրջ չեն ընդունում ընդունված փաստաթուղթը:

 

Չնայած այս հայտարարության նկատմամբ ևս երկրի բարձրաստիճան պաշտոնյաները քննադատական դիրքորոշում դրսևորեցին, իսկ թուրքական մեջլիսում երեք տարբեր հայացքներ ունեցող կուսակցությունները՝ իշխող «Արդարություն և զարգացում»-ը, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդականը և ազգայնական «Ազգայնական շարժում»-ը համատեղ հայտարարություն ընդունեցին, այդուհանդերձ թուրքական մեջլիսում ներկայացված չորրորդ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները դրական գնահատեցին ընդունված բանաձևը: Կուսակցության՝ Շըրնաքի շրջան ից ընտրված պատգամավոր Ֆայսալ Սարըյլդըզն իր աջակցությունն է հայտնել Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի առնչությամբ՝ նշելով, որ ճիշտ կլիներ, եթե Թուրքիան ևս այն ընդուներ:

 

Իսկ Վատիկանի պաշտոնական կայքը կոտրած թուրք հաքերները ԵԽ-ի ընդունած բանաձից հետո սպառնացին կոտրել եվրոպական կառույցի կայքը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կողմի վախերը կրկին սկսեցին զգացնել տալ: Ապրիլքսանչորսյան սինդրոմով տառապող թուրքական քաղաքական էլիտան, անհանգստացած լինելով տարելիցի օրը ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարի կողմից հնչեցվելիք հայտարարության բովանդակությամբ, շաբաթվա վերջին Միացյալ Նահանգներ ուղարկեց արտգործնախարար Չավուշօղլուին՝ կանխելու Բարաք Օբամայի ամենամյա ավանդական ուղերձի մեջ «ցեղասպանություն» եզրույթի արտաբերումը:

 

Ամփոփեց Արաքս Կասյանը