Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմնի հովանավորությամբ ապրիլի 17-ին Հալեպի պետական սկաուտական 7-րդ և 8-րդ խմբերն արաբերեն հայտագրով հանդիսություն են կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հանդիսությունը տեղի է ունեցել ս. Աստվածածաին եկեղեցու ներքնասրահում, որը կազմակերպել էր Հ.Մ.Ը.Մ-ի Հալեպի մասնաճյուղի վարչությունը և սկաուտական խորհուրդը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմնի պաշտոնական էջից: Հալեպի պատերազմական ծանր պայմաններում կատարված պահանջատիրական հանդիսությանը ներկա էին Հ.Մ.Ը.Մ-ի Սիրիայի շրջանային վարչությունն ու շրջանային սկաուտական խորհուրդը, Հալեպի մասնաճյուղի վարչությունն ու սկաուտական խորհուրդը, Հալեպի պետական սկաուտության ատենապետը և այլն:

 

Հանդիսությունը բացվել է Սիրիայի և Հայաստանի օրհներգերով, որից հետո Հալեպի մասնաճյուղի խմբապետ Ծերուն Գահուեջյանը հանդես է եկել արաբերեն խոսքով:

 

Հայոց ցեղասպանության մասին իր խոսքն է ասել Հովիկ Հաբեշյանը՝ երախտապարտ լինելով սիրիական հայրենիքին, որի ժողովրդի հետ մինչև այսօր ապրում են և պիտի շարունակեն ապրել եղբայրական ջերմ հարաբերություններով: Նա նաև նշել է, որ նույն թշնամին այսօր շարունակում է իր ոճրագործությունը տարբեր դեմքերով:

 

Հանդիսության ընթացքում նաև ասմունք և երաժշտական կատարումներ են հնչել: Իսկ վերջում հուշանվերներ են հանձնվել Հալեպի պետական սկատուտական խմբապետերին: