Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Նախագահը» վավերագրական ֆիլմ-հարցազրույցում պատմել է այն մասին՝ ինչպես է իրեն հաջողվել կայանալ որպես պետության ղեկավար, ինչպես է հաջողվել հետ պահել Ռուսաստանը կործանումից: Այս մասին գրում է ДНИ.ru-ն:
Ֆիլմում նախագահն ամփոփել է իր կառավարման 15 տարին և պատմել շատ մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել հանրությանը, օրինակ՝ օլիգարխներին հակադարձելու, Արևմուտքի հետ հարաբերությունների և այն մասին, թե ինչպես է մի անգամ չեղյալ հայտարարել միջուկային վարժանքները հանուն ԱՄՆ-ի:
Պուտինը պատմել է, որ երբ 1999-ին հայտարարվել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, իշխանությունը մեծամասամբ վերահսկվել է խոշոր բիզնեսի կողմից, և որոշ հայտնի օլիգարխներ որոշել են անձամբ ցույց տալ նրան՝ ով է երկրում տերը:
«Եկան իմ աշխատասենյակ, նստեցին իմ դիմաց և ասացին. «Դե, դուք հասկանում եք, որ նախագահ այստեղ երբեք լինել չեք կարող»: Իսկ ես պատասխանեցի՝ «Դե, կտեսնենք»: Ահա այդպիսի տեսարաններ էին լինում ինձ մոտ»,- հիշել է նախագահը:
Միևնույն ժամանակ, նա չի պարզաբանել, թե ինչպես է իրեն հաջողվել կարգի հրավիրել օլիգարխներին: «Տարբեր կերպ: Տարբեր միջոցներով»,- պատասխանել է Պուտինը:
Կառավարման առաջին տարիները հեռու են եղել խաղաղությունից, Հյուսիսային Կովկասում պատերազմ էր, և շատերը սպասում էին, որ Ռուսաստանը շուտով կդադարի իր գոյությունը։ Նրա խոսքով՝ արդեն այն ժամանակ պարզ էր, որ եթե չպահել իրավիճակը, ապա երկիրը պահելու հնարավորություն այլևս երբեք չի լինի։
«Աշխարհում շատ նախագահներ, վարչապետներ ասում էին, որ բոլորն արդեն իրենց համար որոշել են, որ Ռուսաստանը դադարեցնում է իր ներկայիս ձևով գոյատևումը։ Հարց էր միայն, թե երբ դա տեղի կունենա, և ինչպիսին կլինեն հետևանքները։ Նկատի ունենալով, որ դա խոշոր միջուկային գերտերություն է»,- նշել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ինքը չուներ այլ տարբերակ, քան ճնշել ահաբեկչությունը Կովկասում:
Նախագահը նշել է, որ իր համար ամենածանր ողբերգությունները, որոնք ինքը ստիպված է եղել վերապրել նախագահի պաշտոնում, Բեսլանի դպրոցի և «Նորդ Օստ» ներկայացման ժամանակ ահաբեկչություններն են եղել:
Խոսելով իր աշխատանքի մասին՝ Պուտինը պատմել է, որ երբեք չի մտածել, թե ինչ պայմաններում է իրեն ավելի հարմարավետ աշխատել' ճահճացած, թե ճգնաժամային: «Իրականում, ես դրա մասին չեմ մտածել, ես միշտ հիմնվում եմ նրա վրա, թե ինչ կա և լուծում եմ այն խնդիրները, որոնք ծառացած են իմ առջև»,- խոստովանել է նախագահը:
Պետության ղեկավարը նշել է, որ հաճույք է ստանում, երբ տեսնում է իր աշխատանքի դրական արդյունքները: «Ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ հաջողվել է, և այս ամենը միասին կարող է քիչ թե շատ բավարարվածություն պարգևել, երբ հասկանում ես' որտեղ ենք մենք եղել և ինչ ենք արել»,- բացատրել է նա:
Պուտինը նաև նշել է, որ լիովին պատկերացնում է իր կյանքը քաղաքականությունից և պետական գերագույն իշխանությունից դուրս:
«Եթե մարդը կարող է վերադառնալ սովորական բնակարան և ապրել այնտեղ, այլ ոչ թե պալատական ինտերիերում գոյություն ունենալ, ապա կարծում եմ, որ նա այդ դեպքում չի կորցրել իր կապն արտաքին աշխարհի հետ»,- նշել է Պուտինը: