Արաբա-ամերիկյան ինստիտուտի ղեկավար Ջեյմս Զոգբին Huffington Post ամերիկյան համացանցային պարբերականում հրապարակված «Ընդունելով անցյալը» վերնագրված հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: 

 

Նա նշել է, որ ինքը թուրքական տարբեր խմբերի հարձակմանն է ենթարկվել իր նախորդ հոդվածից հետո:

 

«Քննադատությունը լավ է, եթե այն կառուցողական է և կարող է խթանել քննարկումը: Ցավոք, որոշ նամակներ, որ ստացա թուրքական խմբերից, կառուցողական չէին: Դրանք չափազանց պաշտպանողական էին, և անգամ՝ կոպիտ ու վիրավորական»,- գրել է նա:

 

Հոդվածագիրը նշել է, որ 1915-ի սկզբին հայ ժողովուրդն Օսմանյան կայսրությունից աքսորվել, կոտորվել ու մահվան է ուղարկվել: Նրանց մշակույթն ու ժառանգությունն իրենց հնագույն հայրենիքից ջնջվել է: Սարսափելի բռնության պայմաններում մեկ ու կես միլիոն հայ զոհվեց:

 

«Պատմությունը հայ ժողովրդի կողմն է: Եվ 100 տարի անց Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցածի վերաբերյալ իմացողների թիվն ավելանում է: Բայց, ի վերջո, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումն արդարություն չի հաստատելու կամ չի վերադարձնելու հայ ազգի զոհերին: Դա տեղի կունենա միայն, երբ Թուրքիան ի վիճակի լինի ընդունել ու հաշտվել սեփական անցյալի հետ, և դա հենց այն է, ինչ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել թուրքերին»,- գրել է նա:

 

Այդ հարցում ի հայտ է եկել դրական տեղաշարժ: Հեղինակը հիշեցրել է, որ անցյալ տարի դեռևս վարչապետ եղած ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպանություններն «անմարդկային» էր որակել ու ցավակցել էր հայ զոհերի ընտանիքներին: Այժմ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նույնն արել է անցյալ շաբաթ՝ ավելացնելով, որ թուրքերը հասկանում են հայերի ցավը: