Հունաստանի կառավարությունը փոխել է հունական DESFA գազաբաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 66 տոկոսն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը' SOCAR-ին վաճառելու իր նախկին մտադրությունը, որի վերաբերյալ կողմերի միջև համաձայնագիր էր ստորագրվել 2014 թվականի մարտին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Bloomberg-ը, հունական կառավարությունը հայտարարում է, որ պատրաստ է SOCAR-ին վաճառել DESFA-ի ոչ թե 66 տոկոս, այլ 49 տոկոս բաժնեմասը, ինչով Ադրբեջանը կզրկվի հունական գազաբաշխիչ ցանցի բաժնետոմսերի վերահսկողական փաթեթից:
DESFA-ի բաժնետոմսերի մեկ երրորդը 400 մլն եվրոյով SOCAR-ի գնելու մասին գործարքի' Եվրահանձնաժողովի կողմից քննարկումն արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Հունաստանի նոր կառավարությունը գտնում է, որ SOCAR-ի հետ գործարքը հակասում է երկրի շահերին:
Եվրոպական ԶԼՄ-ներն անցյալ տարվա նոյեմբերին հայտնել էին, որ ԵՄ հակամենաշնորհային գերատեսչությունը ստուգումներ է սկսել DESFA-ի վերահսկիչ փաթեթը SOCAR-ի կողմից գնելու գործարքում: Եվրոպացի չինովնիկների մոտ կասկածներ են առաջացել, որ նման դեպքում Հունաստանի գազային շուկայում մրցակցության մակարդակը կնվազի: