Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորած պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել մայիսի 3-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Վարչապետը ողջունել է հյուրերին՝ երախտագիտություն հայտնելով Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Հարությունյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների դիտորդական առաքելության նշանակությունը՝ Արցախի ժողովրդավարության ձեռքբերումները միջազգային հարթակում ներկայացնելու համատեքստում:
Ֆրանսուա Ռոշբլուանն իր ուրախությունն է հայտնել ԼՂՀ ժողովրդավարության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին ձեռքբերված նկատելի հաջողությունների համար: Նա հետաքրքրվել է նախընտրական փուլի ընթացքից, Արցախի ընտրական համակարգի առանձնահատկություններից և հանրապետության կենսագործունեության համար կարևոր մի շարք հարցերի վերաբերյալ վարչապետի դիրքորոշումներից: Կողմերը քննարկել են նաև համագործակցության որոշ ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը: