Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհվածների թիվն անցել է 7,5 հազարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:

 

 

«Մենք նորացված տեղեկատվություն ունենք 7557 զոհվածների և 14 հազար 536 տուժածների մասին»,- ճշտել է կենտրոնը Twitter միկրոբլոգների կայքի իր էջում զետեղված հաղորդագրության մեջ:

 

 

7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արևմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչև 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ:

 

 

Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետից զոհվածների թիվը գերազանցել է 7,3 հազարը, ևս ավելի քան 14,2 հազար մարդ վերքեր է ստացել: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 191 հազար բնակելի շենք, վնասվել է ևս ավելի քան 175 հազար շինություն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: