Իրաքյան ուժերը մայիսի 8-ին կանխել են «Իսլամական պետության» չորս մահապարտ-ահաբեկիչների հարձակումը, ովքեր փորձել են ներխուժել Ռամադի քաղաքի կենտրոնական հատվածներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի Դիյալա նահանգի արևելքում ականապատ մեքենայի պայթյունից մոտ 30 մարդ է զոհվել ու վիրավորվել: Ներքին գործերի նախարարության տեղեկություններով զոհվել է տասը, վիրավորվել՝ 15 մարդ՝ Բալադռուզ քաղաքում ականապատ մեքենաների պայթյունից: Մյուս ականապատ մեքենան պայթել է Քանաան գյուղաքաղաքում՝ վիրավորելով երկու քաղաքացու:

 

Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել: Պայթյունները որոտացել են Բաղդադի մզկիթներից մեկում, որից տասնյակ մարդիկ են տուժել:

 

«Իսլամական պետության» Իրաքի հյուսիսում իր հարձակումները սկսել է 2013թ.-ի ամռանը և մինչև այժմ իր ձեռքում է պահում երկրի մեկ երրորդ տարածքը:

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Քաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: