Վրաստանի նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է ակցիաներ կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել իր առաջնորդին՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն:

 

 

«Մենք կանենք ամեն ինչ, որ Սաակաշվիլին վերադառնա Վրաստան: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները»,- նշել է պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին:

 

 

Նրա խոսքով՝ նման իրավիճակում բողոքի ակցիա անցկացնելը սովորական երևույթ է։ «Մենք անպայման ակցիաներ կսկսենք»,- ասել է պատգամավորը:

 

 

«Վրաստանը լուրջ ճգնաժամի մեջ է։ Կա միայն երկու ուժ: Մեկը կառավարական կլանն է, որը ղեկավարում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Երկրորդ ուժը «Ազգային շարժումն է»: Ժողովուրդն ընտրություն կանի այդ երկու ուժերի միջև»,- ասել է Դարչիաշվիլին:

 

 

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ Սաակաշվիլին Վրաստան վերադառնալու դեպքում կարող է ձերբակալվել:

 

 

«Ուժային կառույցներն այսօր կատարում են քաղաքական պատվերներ: Նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ վերադառնալու դեպքում Սաակաշվիլիին կբռնեն, ինչն ավելի կսրի իրավիճակը»,- նշել է պատգամավորը: