ՀԴԲ-ն կուսումնասիրի վկայություններն այն մասին, որ Ֆիլադելֆիայում ռելսերից դուրս եկած գնացքի վրա կարող էին կրակել կամ քար նետել: Այս մասին հայտնել է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության Ազգային վարչության ներկայացուցիչ Ռոբերտ Սամուոլթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Նա լրագրողներին պատմել է, որ վագոն-ռեստորանի ուղեկցորդի օգնականի վկայությամբ' վթարից քիչ առաջ ինքը լսել է մեքենավարի խոսքերը, որ «նրա վրա քար են նետել կամ կրակել են», ինչպես նաև, որ «շարժակազմն ինչ-որ հարվածի է ենթարկվել»: Լոկոմոտիվի զննության ժամանակ դրա դիմացի ապակու ստորին մասում վնասում է հայտնաբերվել:
«Մենք հաճախ նման հարցերում ապավինում ենք ՀԴԲ տեխնիկական փորձաքննությանը, և արդեն այսօր երեկոյան նրանք կուսումնասիրեն լոկոմոտիվի դիմային ապակու այդ կոնկրետ վնասումը»,- ասել է Սամուոլթը:
Վաշինգտոնից Նյու Յորք ընթացող գնացքը ռելսերից դուրս է եկել երեքշաբթի օրը: Ռելսերից դուրս է եկել 7 վագոն, ներառյալ' լոկոմոտիվը: Վերջին տվյալներով՝ 8 մարդ է զոհվել, մոտ 200 մարդ վնասվածքներ է ստացել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գնացքը շարժվել է 100 մղոն/ժամ (160 կմ/ժամ) արագությամբ: Մինչդեռ այդ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը կազմում է 50 մղոն/ժամ: