Ստամբուլի «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի քանդման դեմ պայքարող նախաձեռնության անդամները հայտարարել են, որ պահանջում են ճամբարն առանց նախապայմանների վերադարձնել հայկական համայնքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

 

 

«Փորձ արվեց 1915 թվականի Ցեղասպանությունը Հրանտի, Սևակի, Մարիցայի հետ պատահածի նման շարունակել «Արմեն ճամբարում»: Մեր ժողովրդի կամքով այս հարձակումը դադարեցվեց: Այստեղ մեր գոյությունը չի սահմանափակվում միայն մի շինություն պահպանելով: Մենք կրկին հիմնելու ենք Հրանտից մեզ ժառանգություն թողնված համատեղ կյանքի և համագործակցության մշակույթը, այս ճամբարում ենք ցանելու նոր կյանքի սերմերը»,- նշվում է նախաձեռնության անդամների հայտարարության մեջ, ովքեր արդեն 12-րդ օրն է, ինչ շարունակում են դիմադրությունը' գիշերելով որբանոցի տարածքում:

 

 

Նախաձեռնության հեղինակները փաստել են, որ թույլ չեն տալու խնդիրը նախընտրական պայքարի հարց դարձնել: «Մեր պահանջը հստակ է և պարզ: «Արմեն ճամբարն» առանց նախապայմանների և անհապաղ, սեփականության բոլոր իրավունքներով հանդերձ պետք է վերադարձվի հայկական համայնքին: Կեցցե ժողովուրդների պայքարը: Թույլ չենք տալու քանդել «Արմեն ճամբարը»,- ասվում է հայտարարության ամփոփիչ մասում: