Բաքվում այսօր անցկացված Moody's վարկային ռիսկերի գծով միջազգային վարկանիշային գործակալության ամենամյա գիտաժողովում փորձագետները ադրբեջանական ազգային արժույթի' մանաթի նոր արժեզրկում են կանխատեսել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az լրատվական կայքը, Ադրբեջանի և նրա ապագայի հետ կապված փորձագետների լավատեսական կանխատեսումներով' այդ երկրի ՀՆԱ-ի ծավալն այս տարի 1 տոկոսով կաճի, իսկ վատատեսական կանխատեսումներով այն կմնա անփոփոխ, սակայն, արժեզրկումը կկազմի 8-9 տոկոս:
Նշվել է, որ ադրբեջանական բանկերի արտարժութային կորուստները փետրվարյան արժեզրկման արդյունքում կազմել են ընդհանուր բանկային կապիտալի 9 տոկոսը: Արժեզրկումը նվազեցրել է ֆիսկալային բեռը, սակայն, մեծ կուրստներ է բերել բանկային հատվածին:
Moody's-ի կանխատեսումների համաձայն' Ադրբեջանում արժեզրկումը կշարունակվի, իսկ տնտեսության աճի տեմպերը այս տարվա երկրորդ կեսին կնվազեն:
Նշվել է, որ ՀՆԱ-ի բարձրացումը կախվածության մեջ է նավթային գներից: Նավթի միջին գինն այս տարի կկազմի մեկ բարելի դիմաց 55 դոլար, իսկ 2016 թվականին' 65 դոլար:
2015 թվականի փետրվարին ադրբեջանական մանաթը միանգամից արժեզրկվել էր 35,6 տոկոսով, ինչը տնտեսական ճգնաժամ է առաջացրել Ադրբեջանում: