Վերջին չորս ամսում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Քյուրդախանի ավանի թիվ 113 դպրոցի երեք աշակերտներ ինքնասպանություն են գործել: Զոհված անչափահասներիկց մեկի ծնողները հայտարարել են, որ չեն հավատում իրենց որդու ինքնասպանությանը: Բաքվի Սաբունչիի շրջանի դատախազության ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել և կատարվում է հետաքննություն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում Qafqazinfo-ն:
Քյուրդախանիում ինքնասպանության վերջին դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 18-ին, երբ հայտնաբերվել է հիշյալ դպրոցի 10-րդ դասարանի 16-ամյա աշակերտ Ռուսլան Հասանովի դին: Սակայն նրա ծնողները չեն հավատում, որ իրենց որդին կարող էր դիմել ինքնասպանության:
«Իմ որդու մահը այս տարի երրորդն էր թիվ 113 դպրոցում: Ավելի վաղ կախվել էր 11-րդ դասարանի աշակերտ Ջեյհունը: Փետրվարին կախվել էր Ալին: Առաջինի դեպքում ասացին, թե նա ինքնասպանության է դիմել անպատասխան սիրո պատճառով, իսկ երկրորդի ժամանակ՝ թե նա ընկել է ինչ-որ արմատական հոսանքի ազդեցության տակ»,-կայքին պատմել է Ռուսալան Հասանովի հայրը՝ Աքիֆ Հասանովը:
Սաբունչիի դատախազությունում հրաժարվել են մեկնաբանել Քյուրդախանիի թիվ 113 դպրոցում տեղի ունեցած կասկածելի ինքնասպանությունները:
2015 թվականի ընթացքում Ադրբեջանում ինքնասպանության 69 դեպք է տեղի ունեցել, որոնցից 4-ն անչափահասներ են եղել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ 2014 թ. ինքնասպանության 240 դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: