Ադրբեջանում ինքնասպանություն է գործել հերթական անչափահասը: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Գյանջայի դատախազությունը հայտնել է, որ իր սենյակում կախվել է քաղաքի 15-ամյա բնակչուհի Զարինա Ահմեդովան:

 

Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն' 2014 թ. այդ երկրում արդեն 143 (հունիսի 26-ի դրությամբ) ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 12-ը անչափահասներ են եղել: 10 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

 

Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման են դիմել արդեն 11 քաղաքացիներ, որոնցից 4-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանությունների կողմից խախտվելու, իրենցից կաշառք պահանջելու եւ այլ պատճառներով:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, այդ երկրում տարեկան մինչեւ 90 անչափահաս ինքնասպանություն են գործում: Ադրբեջանի երեխաների իրավունքների գծով ոչ կառավարական կազմակերպությունների դաշինքի ազգային համակարգող Նաբիլ Սեիդովը APA լրատվական գործակալությանն ավելի վաղ հայտնել էր, որ ամեն տարի Ադրբեջանում տարբեր տարիքի 80-90 երեխա ինքնասպանություն են գործում եւ ավելի շատ երեխաներ ինքնասպանության փորձ նախաձեռնում: Նա նշել է, որ անցյալ տարի ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած ամենափոքր երեխան 9 տարեկան է եղել: Նրա խոսքով, Ադրբեջանում ինքնասպանության փորձերի արժանահավատ վիճակագրություն չկա եւ չի անցկացվում:

 

«Ամեն տարի դեպրեսիաներից, ծանր ապրումներից եւ այլ հոգեբանական խախտումներից Ադրբեջանում տառապում են հազարավոր երեխաներ եւ անչափահասներ, հազարավոր երեխաներ էլ ականատես են լինում հանցավոր գործողությունների, բռնաճնշումների, այդ թվում' նաեւ կենցաղային: Վերջին 2 տարին մոտ 300 երեխա Ադրբեջանում բախվել են տարբեր տեսակի բռնությունների: Միայն Բաքվում երկու տարում 40 երեխա ենթարկվել են սեռական բռնության եւ շահագործման»,-ասել է Սեիդովը: