Ադրբեջանում վերջին երկու ամիսներին խիստ մեծացել է ինքնասպանությամբ կյանքին վերջ դնելու դեպքերի թիվը: Վերջին ինքնասպանության դեպքը տեղի է ունեցել Քյուրդամիրիում:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, շրջանի 19-ամյա բնակիչ Ազադ Շիխալիեւը փետրվարի 11-ին երեկոյան մոտ ժամը 17-ին բարձրացել է քաղաքի երկաթուղային կայարանի մոտ գտնվող բարձր լարման 30 մ բարձրությամբ սյունը եւ նետվել ցած: Նա հայտարարել է, որ ինքնասպանության է դիմում է իր սիրեցյալի պատճառով: Թեւե նրան անմիջապես հիվանդանոց են տարել, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել ադրբեջանցի «Ռոմեոյի» կյանքը:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014թ. այդ երկրում արդեն 40 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Ինքնասպանություն գործածներից 5-ն անչափահասներ են եղել: Չորս ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում: Ադրբեջանում հունվարի ընթացքում ինքնահրկիզման են դիմել ղարաբաղյան պատերազմի երեք հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտելու, կաշառքի պահանջի եւ այլ պատճառ ներով:
Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ԶԼՄ-ներին հայտնել է, որ երկրում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով' ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր ձայնը լսելի դարձնելու համար ինքնասպան է լինում»,- հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը:
Ադրբեջանի «Ազատ բանավեճերի կենտրոն»-ում երկրում վերջին ամիսներին ինքնասպանությունների թվի կտրուկ աճի հետ կապված քննարկման ժամանակ «Կանանց ճգնաժամային կենտրոնի» ճանաչված հոգեբան Ազադ Իսազադեն հայտարարել է, որ միայն այս տարի Ադրբեջանում մոտ 400 մարդ ցանկացել է դիմել ինքնասպանության:
Ադրբեջանի երեխաների իրավունքների գծով ոչ կառավարական կազմակերպությունների դաշինքի ազգային համակարգող Նաբիլ Սեիդովն էլ հայտնել է, որ ամեն տարի Ադրբեջանում տարբեր տարիքի մինչեւ 60 երեխաներ ինքնասպանություն են գործում եւ ավելի շատ երեխաներ ինքնասպանության փորձ նախաձեռնում: Նա նշել է, որ անցյալ տարի ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած ամենափոքր երեխան 9 տարեկան է եղել:
Ադրբեջանում ինքնասպանությունների նման աննախադեպ ալիքը կանխելու համար Բաքվում հունվարին անգամ հատուկ ֆլեշմոբ է անցկացվել: