ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջել է ազատել զինված հակամարտություններում առևանգված ԶԼՄ-ների աշխատակիցներին, ինչպես նաև կոչ է արել պայմաններ ստեղծել զինված հակամարտությունները լուսաբանող լրագրողների անկախ աշխատանքի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան բանաձևը միաձայն ընդունվել է մայիսի 27-ին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «հաստատակամորեն կոչ է անում» անհապաղ և առանց վերապահումների ազատել այն լրագրողներին ու ԶԼՄ-ների աշխատողներին, «որոնք առևանգվել կամ պատանդ են տարվել զինված հակամարտությունների պայմաններում»: Ընդունված բանաձևը նաև կոչ է անում պետություններին՝ բարենպաստ պայմաններ ստեղծել այն բանի համար, որ զինված հակամարտության իրավիճակում լրագրողները «կարողանան իրենց աշխատանքը կատարել անկախ և առանց չհիմնավորված միջամտության»:
«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դելուարը, ելույթ ունենալով նիստում, հայտնել է, որ միայն անցյալ տարի ԶԼՄ-ների 66 ներկայացուցիչ է զոհվել առաջադրանքներ կատարելիս, ընդ որում լրագրողների նկատմամբ հարձակումների ու հանցագործությունների ավելի քան 90 տոկոսն անպատիժ է մնում:
Ընթացիկ տարվա սկզբից զոհվել է 25 լրագրող, այդ թվում՝ Charlie Hebdo ֆրանսիական հանդեսի ծաղրանկարիչները, որի փարիզյան խմբագրատան վրա հարձակվել էին ծայրահեղականները: Դելուարի տվյալներով՝ ընդամենը վերջին տասը տարվա ընթացքում կյանքից զրկվել են ԶԼՄ-ների 700-ից ավելի աշխատող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: