ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բացառում է, որ նախարարության ենթակայության ներքո գտնվող մանկատներից երեխաների «վարձակալություն» իրականացված լինի: Ազգային ժողովում լրագրողները նախարարին ներկայացրեցին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, ըստ որի՝ մի շարք մանկատներից մարդիկ մեկ օրով վերցնում են երեխաներին ու ստիպում նրանց զբաղվել մուրացկանությամբ: «Ես անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները, որովհետև եթե կա նման փաստ, պետք է դա ներկայացնեն պատկան մարմիններին, քանի որ ես դա համարում եմ հաղորդում հանցագործության մասին: Ես բացառում եմ նման բան մեր համակարգի հաստատություններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Արտեմ Ասատրյանը:

 

Նա նշեց, որ մանկատների տնօրենների հետ խորհրդակցություն է իրականացրել այս թեմայով, և նման երևույթ առկա չէ: «Եթե որևէ տեղեկատվություն կա, ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ, որովհետև դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը, եթե այդպիսի բան բացահայտվի, պետք է լինի ամենախիստ պատիժը»,- ավելացրեց նախարարը:

 

Նա կարևորեց այն հանգամանքը, որ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում վերջին տարիներին իրականացվել են աշխատանքներ, որոնց արդյունքը տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

 

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած զեկույցին, որում փաստեր կան, թե գիշերօթիկ հաստատություններում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերում, նրանց տրվող սնունդն ու դեղորայքը չի համապատասխանում չափանիշներին, Արտեմ Ասատրյանը նշեց. «Որևէ խնդիր բացառել չի կարելի: Երեխաների դաստիարակության և խնամքի հետ կապված հարցերը չի կարելի ներկայացնել այն ձևաչափով, որ դա հատկապես ուղղված է երեխաների իրավունքների ոտնահարմանը: Եթե այդ խնդիրները կան, պետք է դրանց համակարգային լուծումներ տալ, ոչ թե հատվածական: Մեր կողմից մշակվել և ներդրվել է ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի համակարգ, բոլոր ծրագրերի ու հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների գնահատում է իրականացվում, և դրա շրջանակներում խնդիրները ստանում են առարկայական լուծումներ»: