Վերջին ժամանակահատվածում աշխատանք իրականացվեց, որպեսզի ՀՀ-ում ներդրվի պետական ծառայության համակարգում աշխատանքի վարձատրության նոր համակարգ, և հուլիսի մեկից այդ համակարգը գործում է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, վերջին եռամսյակում կատարված աշխատանքն ամփոփելով, նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա կարևորեց հատկապես կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված աշխատանքները: «Համակարգի ներդրման արդյունքում' պետական ծառայող 230 հազար աշխատողների համար իրականացվեց նաև աշխատավարձի բարձրացում՝ միջինը 40 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արտեմ Ասատրյանը:
Ամփոփելով նախարարության գործունեությունը՝ նա ասաց, որ Կառավարության որոշմամբ' «ՀՀ վետարանների միավորում» կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով հատկացվել է 5 միլիոն դրամ, ինչպես նաև նախընտրած առողջարանում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով ուղեգրեր տրամադրելու համար' 6 միլիոն դրամ:
Մեկ այլ որոշմամբ՝ 10-50 տոկոսով բարձրացվել է հաշմանդամ զինծառայողներին, այդ թվում' Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարի չափը:
Այս տարվա օգոստոսի 1-ից բարձրացվել է ընտանեկան նպաստի չափը՝ 1000 դրամով: Սոցիալական պաշտպանության ոլորտում բնակարանային ապահովման իրավունքի տեսանկյունից իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խմբին դասված, 1991-2013թթ. մանկատների շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց սոցիալական կացարանի տրամադրման ծրագիր:
Համապատասխան օրենքների փոփոխություններով պայմանավորված՝ դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակները վերանվանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ:
Սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում:
Արտեմ Ասատրյանը 2012թ. հունիսի 16-ից' ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է: ՀՀ Նախագահի 2013թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: ՀՀ Նախագահի 2014թ. ապրիլի 26-ի հրամանագրով կրկին վերանշանակվել է այդ պաշտոնում: