ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայի և Հունաստանի տարածքով գազափոխադրական ենթակառուցվածքի պլանավորվող կառուցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Թուրքական հոսք» նախագիծն ենթադրում է Ռուսաստանից Սև ծովով դեպի Թուրքիա տարեկան 63 խորանարդ մետր թողունակությամբ գազատարի կառուցում, որը թուրք-հունական սահման կփոխադրի մինչև 47 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ենթադրվում է, որ Թուրքիայի և Հունաստանի սահմանին կստեղծվի գազային հանգույց, իսկ Եվրամիության երկրները պետք է ինքնուրույն կառուցեն գազափոխադրական կարողություններ՝ իրենց տարածքում այդ գազի հետագա ընդունման համար:
«Քննարկվել են այն համաձայնությունների իրականացման գործական քայլերը, որոնք ձեռք են բերվել վերջերս Ալեքսիս Ցիպրասի՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում, մասնավորապես, Թուրքիայի և Հունաստանի տարածքով գազափոխադրական ենթակառուցվածքի պլանավորվող կառուցումը»,- ասված է տեղեկագրում:
Բացի այդ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ղեկավարները պայմանավորվել են հանդիպել հունիսի 18 – 20-ը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում: