Իրանի և «վեցնյակ»-ի միջև պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է քաղաքական որոշում, դրանում է գլխավոր խնդիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին ռուսական «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջովադ Զարիֆը:
«Ինչ վերաբերում է «վեցնյակ»-ի հետ բանակցություններին, ապա մենք (Մոսկվայում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ. խմբ) քննարկել ենք վերջին պայմանավորվածությունները: Ցանկանում ենք երկու բարեկամ պետությունների' Ռուսաստանի և Չինաստանի օգնությամբ ավարտել բանակցություններն ու հասնել հաջողության».- ընդգծել է Զարիֆը
Նրա խոսքով' կան տեխնիկական մշակման ենթակա հարցեր, սակայն գլխավոր խնդիրը քաղաքական որոշում ընդունելու անհրաժեշտությունն է: «Այդ հարցի լուծման ուղիների վերաբերյալ մենք պայմանավորվել ենք Լոզանում: Բոլոր կողմերը պետք է հասկանան, որ միայն այդ ուղիների շրջանակում մենք կարող ենք գալ համաձայնության: Լոզանյան պայմանավորվածությունների վերաշարադրման բոլոր փորձերը կբերեն պարտության: Դա այն դիրքորոշումն է, որն ունեն Ռուսաստանն ու Չինաստանը: Մենք գտնում ենք, որ այդ հարցի շուրջ անհրաժեշտ է իրատեսորեն նայել ապագային: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի այն լուծել»,- ավելացրել է Զարիֆը: