Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դարձյալ հայտարարել է իր երկրին «պաշտպանական զենք» տրամադրելու մասին, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Այս մասին ուկրաինացի վարչապետը հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Մենք խնդրում ենք մեզ պաշտպանական զենք տրամադրել' ռուսական բանակին զսպելու համար: Ուկրաինան միակ երկիրն է, որը պայքարում է ռուսական կանոնավոր բանակի դեմ»,-ասել է նա:

 

Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ ազատ աշխարհի համար, և այդ պատճառով ԱՄՆ-ն, որպես աշխարհի առաջնորդ, պարտավոր է աջակցել իր հանրապետությանը' ռազմական ու տնտեսական հարցերում:

 

«Մենք չենք ակնկալում, որ ամերիկյան զինվորականները կգան Ուկրաինա' պաշտպանելու այն, սակայն մենք ակնկալում ենք Ուկրաինայում բիզնես ներկայություն' ներդրումների տեսքով: Ամերիկյան ներդրումներն Ուկրաինայում կլինեն լրացուցիչ պաշտպանություն, որը կխթանի մեր տնտեսությունն ու կապահովի մեր հաջողությունը»,-ասել է նա: