Կորեայի Հանրապետությունում ևս երկու մարդ է մահացել մերձավորարևելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի հարուցած բարդացումներից: Այդպիսով, երկրում հիվանդության զոհերի թիվը հասել է իննի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես հաղորդել է ԿՀ-ի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը, մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 13-ով և հասել 108-ի: Տնային կարանտինի տակ է 2900 մարդ, ովքեր շփվել են հիվանդների հետ:

 

Ինչպես հաղորդել է Ռյոնհապ գործակալությունը, Հարավային Կորեայի նախագահը Պակ Կին Հեն կորոնավիրուսի բռնկման պատճառով չեղյալ է հայտարարել այցն ԱՄՆ, որը պլանավորված էր հաջորդ շաբաթ: Նախօրյակին նախագահի վարչակազմը ժխտում էր կորոնավիրուսի տարածման պատճառով այցը չեղարկելու հնարավորությունը:

 

ԿՀ-ն կորոնավիրուսով հիվանդանալու հաստատված դեպքերի թվաքանակով աշխարհում երկրորդ երկիրն է դարձել Սաուդյան Արաբիայից հետո, որտեղ 2012 թվականին դրանով վարակվել է ավելի քան հազար մարդ:

 

Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արևելքի երկրներ կատարած ուղևորությունից:

 

Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտեղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:

 

Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: