ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իտալիա: Ռուսաստանի ղեկավարի այցի ծրագրի գլխավոր կետերը կդառնան նրա մասնակցությունը Expo-2015 համաշխարհային ցուցահանդեսում Ռուսաստանի օրվա բացման արարողությանը, ինչպես նաև բանակցությունները Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում ան ելով ՏԱՍՍ-ին:
Օրվա երկրորդ կեսին Պուտինն ինքնաթիռով կմեկնի Վատիկան, որտեղ զրույց կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Նաև պլանավորված է Հռոմում ռուսական պետության ղեկավարի հանդիպումը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ: Պուտինն ակնկալում է շփվել նաև իր վաղեմի ընկերոջ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ:
Ներկայիս ուղևորությունը տարեսկզբից Պուտինի վեցերորդ այցն է արտասահման և առաջինը՝ Արևմտյան Եվրոպայի երկրներ: 2015 թվականի հունվարից ՌԴ-ի նախագահն այցելել է Եգիպտոս, Բելառուս, Հունգարիա, Ղազախստան, Հայաստան: Վերջին անգամ նա Իտալիա է այցելել 2013 թվականի նոյեմբերին:
Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել է, որ Պուտինը Հռոմի պապի հետ կքննարկի «երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև հրատապ միջազգային խնդիրները, մասնավորապես, Ուկրաինայի իրադրությունը՝ միջդավանական հարաբերությունների տեսանկյունից, ուկրաինացի կաթոլիկների գործունեությունը: Կարծարծվի նաև քրիստոնյաների դրությունը Մերձավոր Արևելքում և նրանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը»: