Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հասցեին արված հայտարարությունների համար ներողություն է պահանջել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական պարբերականում հունիսի 10-ին հրապարակված հոդվածում նշվում է, որ Թուրքիայում օր օրի ավելի է վատանում խոսքի և մամուլի ազատության վիճակը, իսկ բռնություններն ավելանում են:
The Guardian-ը մի քանի թուրք լրագրողի օրինակով ներկայացրել է երկրում լրատվական ազատության համար վճարելիք գինը: Պարբերականը հիշեցրել է, որ մամուլի ազատության ինդեքսով Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցնում է ընդամենը 149-րդ հորիզոնականը' զիջելով անգամ Զիմբաբվեին:
Բրիտանական լրատվամիջոցը ներկայացնում է, թե ինչպես նախորդ շաբաթվա ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարը հասել էր գագաթնակետին, Էրդողանը սկսեց արդեն թիրախավորել միջազգային մամուլը: Նրա ուշադրության կենտրոնում հայտնվեցին գերմանական Die Zeit-ը, ամերիկյան The New York Times-ը, իսկ այնուհետև նաև բրիտանական The Guardian-ը: Արդահանում կազմակերպած հանրահավաքի ժամանակ Թուրքիայի նախագահը մեղադրանքներ հնչեցրեց The Guardian-ի դեմ' պարբերականից այնպիսի մեջբերումներ անելով, որոնք իրականում չէին եղել: Խոսքի ամենավերջում Էրդողանը, դիմելով The Guardia-ին, ասել էր. «Տեղդ իմացի’ր»:
Բրիտանական պարբերականը նշել է, որ իրենց հրապարակած նյութում իրականում այնպիսի բան չի եղել, որը հանրահավաքի ժամանակ մեջբերել էր Թուրքիայի նախագահը: The Guardian-ը Էրդողանին մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու մեջ և նշել, որ լավ կլիներ, եթե վերջինս ներողություն խնդրեր իրենից: