Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, կերկարացվեն մինչև տարվա վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին չեխական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է Չեխիայի ԱԳ նախարար Լուբոմիր Զաորալեկը: «Այժմ շարունակվող գործընթացների ֆոնին, իմ կարծիքով, ավելի հավանական է այն տարբերակը, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկրաձգվեն մինչև 2015 թվականի վերջը,- ասել է Զաորալեկը: Նախարարի խոսքերով, Եվրոպական միության անդամները, որոնք հունիսի վերջին համատեղ նիստում քննարկելու են այդ հարցը, ունեն երեք տարբերակ:
Ըստ Լուբոմիր Զաորալեկի, եթե ստացվի այնպես, որ հակամարտության բոլոր կողմերը խոսեն հօգուտ մինսկյան պայմանավորվածությունների, ապա այդ դեպքում հնարավոր կլինի խոսել պատժամիջոցների աստիճանաբար մեղմացման մասին: Եթե պարզվի, որ Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը չի կրում միանշանակ բնույթ, ապա կշարունակվի այդ հարցի շուրջ դիտարկումը: Եվ երրորդ տարբերակը' պատժամիջոցները կխստացվեն, եթե նորից ռազմական գործողություններ ծավալվեն: