Երևանի բնակիչ Արմեն Մակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

 

 

Արմեն Մակյանը, 2007 թվականից աշխատելով ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունում և 2009 թվականի սեպտեմբերի 22-ից զբաղեցնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի քաղաքային բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ կատարողի պաշտոնը' առանց օրենքով նախատեսված հատուկ պայմանների առկայության կայացրել է պարտապանի գույքն արգելանքից հանելու մասին ապօրինի որոշում, որի արդյունքում հնարավոր է դարձել արգելանքի տակ գտնվող գույքի օտարումը:

 

 

Դրանից հետո այդ գույքը վաճառվել է մեկ այլ անձի, որի հետևանքով գործով հայցվոր Անուշ Կիրակոսյանը զրկվել է դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցի հաշվին իր պահանջի բավարարումը ստանալու հնարավորությունից:

 

 

Վերը նշված քրեական հոդվածով' մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, առավելագույնը հինգ տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, երկուսից երեք ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում:

 

 

Գործը դատարան է ուղարկվել 2015թ. հունիսի 12-ին: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն Արմեն Մակյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: