Թբիլիսիում շարունակվում են ջրհեղեղի ժամանակ քաղաքի կենդանաբանական այգուց փախած վագրի և բորենու որոնումները'փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 

Այս գիշեր Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության մարտիկներն ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարել Թբիլիսիի Պեկինի փողոցում, որտեղից զանգ է ստացվել գիշատչին հայտնաբերելու մասին:

 

Կենդանու ոչ մի հետք չի հայտնաբերվել Ցինցաձե փողոցում, որտեղից նույնպես զանգահարել են բնակիչները:

 

Վագրի և, հնարավոր է, մեկ բորենու որոնումները Թբիլիսիի փողոցներում իրականացնում են Քաղաքապետարանի կենդանիների մոնիթորինգով զբաղվող գործակալության աշխատակիցները:

 

Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտնել է, որ հնարավոր է' Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում երիտասարդ վագր և բորենի կա: Նրա խոսքով' բորենին վտանգավոր չէ մարդկանց համար:

 

Իշխանության ներկայացուցիչները խորհուրդ են տվել Թբիլիսիի բնակիչներին չհայտնվել մութ վայրերում և չիջնել նկուղային տարածքներ, որտեղ կարող է թաքնված լինել գիշատիչը: