Լուսաբացին վերսկսվել են AirAsia QZ8501 օդանավի որոնումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
AirAsia ընկերության A320-200 աերոբուսը ցամաքային ծառայությունների ռադարներից անհետացել է դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 6:24-ին՝ Սուրաբայ քաղաքի օդանավակայանից մեկնելուց 42 րոպե անց:
Թեեւ գիշերվա ընթացքում մի քանի նավեր շարունակում էին որոնումները, լայնամասշտաբ գործողությունն սկսվել է միայն արեւածագից հետո: Որոնումներին մասնակցում են մի քանի երկրներ:
Ինդոնեզիայի փոխնախագահ Յուսուֆ Կալան այն կարծիքին է, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, կործանվել է: Ընդսմին նա ճշտել է, որ Ինդոնեզիայի իշխանություններն առայժմ որեւէ տեղեկատվություն չունեն ինքնաթիռի աղետի շրջանի վերաբերյալ:
AirAsia ընկերության սեփականատեր Թոնի Ֆեռնանդեսը հայտարարել է, որ ցնցված է ինքնաթիռի անհետանալուց, որը Ինդոնեզիայից 162 ուղեւորներով ու անձնակազմի անդամներով չվերթ էր կատարում դեպի Սինգապուր:
«Մենք չգիտենք՝ կործանվել է արդյոք ինքնաթիռը: Եկեք պարզապես սպասենք եւ տեսնենք: Մենք չենք ցանկանում ենթադրություններ անել»,- ավիաընկերության ղեկավարի խոսքը մեջբերել է Astro Awani գործակալությունը:
Ինդոնեզիայի Սուրաբայ քաղաքից QZ8501 համարի ներքո դեպի Սինգապուր չվերթ իրականացնող օդանավը Ջակարտայի ցամաքային ծառայությունների հետ կապը կորցրել է տեղական ժամանակով ժամը 07:24-ին: Ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի թվում Ինդոնեզիայի 157 քաղաքացիներ են, Հարավային Կորեայի՝ 3, Մալայզիայի՝ մեկ, եւ Սիգապուրի մեկ քաղաքացի:
AirAsia-ն բյուջետային մալայզիական ավիաընկերություն է: QZ8501 չվերթը կատարվում էր նրա ինդոնեզական մասնաճյուղի՝ AirAsia Indonesia-ի կողմից:
Անհետանալուց առաջ ինքնաթիռի անձնակազմը, որը թռչում էր մոտավորապես 10 հազար 500 մետր բարձրության վրա, դիսպետչերներին խնդրել է թույլատրել բարձրանալ եւս 2 կիլոմետր՝ դուրս գալու թանձր ամպամածությունից, ինդոնեզական ԶԼՄ-ներին հայտնել է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Հադի Մուստոֆան:
Կապը կորցնելու պահին օդանավը հաղթահարել էր ճանապարհի մոտ կեսը եւ գտնվում էր Ճավա ու Կալիմանտան կղզիների միջեւ: Այդ շրջանում բնական լուրջ անոմալիաներ չեն եղել:
Ինդոնեզիայի պաշտոնատարների տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռն աղետի ոչ մի ազդանշան չի տվել: Օդանավը պետք է Սինգապուր ժամաներ ժամը 08:30-ին:
Ավիաընկերության ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 155 ուղեւոր, այդ թվում՝ 17 երեխա: Բացի այդ, օդանավում եղել են երկու օդաչու, բորտ-ինժեները եւ չորս բորտուղեկցորդներ:
AirAsia-ն, որն ստեղծվել է 1994 թվականին, մինչ այժմ ոչ մի օդանավ չի կորցրել եւ աշխարհի ամենաարդյունավետ եւ բուռն զարգացող լոուկոստերներից մեկն է: