Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումների համար նախատեսված ժամկետը կերկարաձգվի: Ազգային ժողովը քննարկում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է երկարաձգել երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումների ժամկետը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը:
«Խնդիրն այն է, որ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պետական լիազոր մարմին պետք է պետք է ներկայացվեին ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում: Նշված հանձնաժողովը կառավարության որոշմամբ ստեղծվել է 2014թ. ապրիլի 23-ին, և դիմումների ընդունման համար օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետն արդեն սպառվել է՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ կային բավականին քանակությամբ անձինք, ովքեր ցանկանում էին երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց փոխնախարարը:
Արա Նազարյանը հարկ համարեց նշել, որ գործընթացը եղել է բավականին աշխատատար, քանի որ մինչև հարցը միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը, հանձնաժողովի անդամ գերատեսչություններից նշանակված պատասխանատուների կողմից մանրամասն ուսումնասիրվել է յուրաքանչյուր դիմողի անձնական գործում ներկայացված մարտական գործողությունների անմիջական մասնակցության փաստը, բոլոր արխիվային նյութերը: «Անհրաժեշտության դեպքում կատարվել են հարցումներ համապատասխան զորամասերում և գերատեսչություններում, ինչպես նաև որոշակի ճշտումներ կատարելու համար հրավիրել են նախկին կամավորական ջոկատների հրամանատարներ»,- ասաց Նազարյանը: