Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների ժամկետը երկարացնելու մասին՝ սկսած հունիսի 24-ից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Կառավարությունը նամակով դիմել էր ինձ՝ երկարացնելու այն պատժամիջոցների ժամկետը, որոնք մենք ձեռնարկել էինք ի պատասխան մի քանի երկրներից մեր գործընկերների գործողությունների,- ասել է Պուտինը:- Այսօր ես, այդ նամակին համապատասխան, հրամանագիր ստորագրեցի ՌԴ-ի անվտանգության ապահովման նպատակով առանձին հատուկ տնտեսական միջոցների գործողությունը երկարացնելու մասին»:
Հունիսի 22-ին Եվրամիության խորհուրդը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, կես տարով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը (որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 23-ին):
Եվրամիությունը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի իրադարձությունների և 2014 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման կապակցությամբ, հետագայում քանիցս ընդարձակել ու երկարացրել է դրանք: Կասեցվել են բանակցությունները անայցագիր ռեժիմի և համագործակցության վերաբերյալ նոր բազային համաձայնագրի շուրջ, արգելք է սահմանվել ՌԴ-ից ԵՄ-ի երկրներ մի խումբ պաշտոնատար անձանց այցելության վրա և սառեցվել են նրանց ակտիվները, կիրառվել են առևտրական, ֆինանսական և ռազմական բնույթի սահմանափակիչ միջոցներ: Ընդամենը պատժիչ ցուցակներում ներառվել է 151 մարդ և 37 իրավաբանական անձ: Սեկտորալ պատժամիջոցներ են գործում Ռուսաստանի քսան ֆինանսական, նավթարդյունահանման պաշտպանական կառույցների նկատմամբ:
2014 թվականի օգոստոսի 7-ին Ռուսաստանը պատասխան միջոցների փաթեթ է սահմանել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության երկրների և Նորվեգիայի պատժամիջոցների կապակցությամբ: